ՀՀ փաստաբանական դպրոցի լսարաններից մեկն այսուհետև կոչվելու է փաստաբան Տիգրան Տեր-Եսայանի անվամբ

Image

Հուլիսի 17-ին ՀՀ փաստաբանների պալատում կազմակերպվել էր Փաստաբանների միջազգային միության նախագահ Տիգրան Տեր Եսայանի մահվան տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում: Միջոցառումն իրականացել է Տեր-Եսայանի ընտանիքի անմիջական մասնակցությամբ: Նրա անվամբ է անվանակոչվել ՀՀ փաստաբանական դպրոցի երեք լսարաններից մեկը:
Հիշատակի միջոցառումը սկսվել է մեկ րոպե լռությամբ: Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյնաը՝ համառոտ ներկայացնելով Տիգրան Տեր-Եսայանի կենսագրությունն ու անցած ուղին: Փաստաբանների պալատի նախագահը, բնութագրելով Տիգրան Տեր Եսայանին, նշել է որ նա պրոֆեսիոնալ էր, համարձակ և լավ մարդ: Անդրադառնալով լսարանի անվանակոչմանը՝ Արա Զոհրաբյանը նշել է, որ այդ քայլով նպատակ է դրվում, որ ապագա սերունդները ճանաչեն Տիգրան Տեր-Եսայանին և ընդհանրապես փաստաբանության զարգացման պատմությունն իմանան:
Պալատի Մեծ դահլիճում ցուցադրվել է Ա1 պլյուս հեռուստաընկերության կողմից պատրաստված հիշատակի ֆիլմը, որտեղ ներկայացված է Տիգրան Տեր-Եսայանի մասնագիտական, մարդկային կերպարը: Ֆիլմում հարցազրույցների տեսքով ընկերները, մտերիմները, գործընկերները նրան հիշում են որպես ընկերասեր, մարդու իրավունքները օրենքից վեր դասող և չափազանց հումորով մարդու:

Հիշատակի ֆիլմից հետո նրա մասին խոսել են Երևան քաղաքի ավագանու անդամ, փաստաբան Զարուհի Փոստանջյանը և իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: Փոստանջյանի հուշերում Տեր-Եսայանը պատկերվել է որպես ժողովրդավարական արժեքների ներդրման համար մարտնչող կերպար, ինչպես նաև նոր սերունդներին համարձակություն ներշնչող, կազմակերպչական բարձր ունակություններ դրսևորող ղեկավար և ավագ ընկեր, ումից կարելի էր մշտապես նոր բան սովորել: Ավետիք Իշխանյանը նշել է, որ Տեր-Եսայանն անփոխարինելի ընկեր էր և բացառիկ մարդ:
Տիգրան Տեր-Եսայանի մարդկային և մասնագիտական հատկանիշներին է անդրադարձել նաև փաստաբան Միշա Փիլիպոսյանն, ով ժամանակին եղել է ՀՀ փաստաբանների միության նախագահ: Նա ներկայացրել է Անկախ Հայաստանում փաստաբանական համայնքի ձևավորմանն առնչվող որոշ հարցեր, մասնավորապես՝ տարբեր միությունների ստեղծման, Տիգրան Տեր-Եսայանի ջանքերով դրանց միավորման կարևորությանը վերաբերող դրվագներ:
Միջոցառման մասնակիցները ներկա են եղել նաև ՀՀ Փաստաբանական դպրոցում Տիգրան Տեր-Եսայանի անվան լսարանի բացման հանդիսավոր արարողությանը, որը ուղեկցվել է փաստաբան Ալինա Ենգոյանի՝ Կոմիտասյան քառյակների կատարմամբ:

Աղբյուրը՝ http://advocates.am/news/view/1763.html: